«Ջազ» կոչվող երաժշտության առաջին հնչյունները ծնվել են 20-րդ դարի սկզբին Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Դրան նախորդել է եվրոպական և արևմտա-աֆրիկյան երաժշտական հզոր ավանդույթների 300-ամյա միաձուլումը հյուսիս-ամերիկյան հողում: Կողք-կողքի բնակվող տարբեր ազգերի երաժշտական մշակույթների այս զարմանալի միահյուսումը Հյուսիսային Ամերիկայում, իսկ հետագայում Միացյալ Նահանգներում, որպես ամերիկյան մշակույթի տեսակ, ի սկզբանե ուներ միջազգային ճանաչման ու տարածման մեծ ներուժ:

Ջազն անհավատալի արագությամբ կտրեց-անցավ Ատլանտիկան և արդեն 1930-ականներին ջազ լսում և կատարում էին Եվրոպայի խոշորագույն քաղաքների մեծ մասում: Մոսկվայում ջազը հնչեց դեռևս 1920-ականներին: 

Հայաստանում ջազը մուտք գործեց 1930-ականների կեսերին: Ջազի պաշտոնական ծնունդը վերագրվում է 1938թ.-ին, երբ երգահան Արտեմի Այվազյանի գլխավորությամբ ստեղծվեց Հայաստանի պետական ջազ նվագախումբը:

Ջազն արմատներ ձգեց ու ձևավորվեց հայկական հողում ինչպես իր անսահման գրավչության, այնպես էլ հայ ժողովրդի երաժշտական բարձր կուլտուրայի և ընկալունակության շնորհիվ: Այդ գործընթացին, անշուշտ,  նպաստեց ջազի և հայկական ժողովրդական երաժշտության ընդհանրությունների առկայությունը և մասնավորապես ռիթմի և հարմոնիայի զգացողությունը: 

Ջազի 75-ամյա պատմությունը Հայաստանում ներկայացվում է երկու շրջանով` խորհրդային և հետխորհրդային: 

Խորհրդային շրջանում Հայաստանում ջազային արվեստը զարգանում էր խորհրդային գաղափարախոսության շրջանակներում և անմասն չմնաց բազմաթիվ խնդիրներից, այդ թվում.

  • ջազի կիսալեգալ կարգավիճակ 1948-1952թթ.-ի միջև ընկած  շրջանում
  • ջազային սկավառակների, տեղեկատվության և ուսումնական ձեռնարկների պակաս
  • տարբեր ազգությունների երաժիշտների միջև կապերի    բացակայություն 
  • կանոնավոր ելույթների հնարավորության բացակայություն

Այնուհանդերձ, արդեն խորհրդային շրջանում հայ երաժիշտներն անցան  էստրադային, «ջազանման» երաժշտությունից մինչև ջազային ստեղծագործություններ ու կատարումներ ձգվող ճանապարհը: 

Հետխորհրդային շրջանում ջազն ի վերջո վերստացավ այն բնական միջավայրը, որը չկար խորհրդային շրջանում: Մասնավորապես ստեղծվեցին ջազ-ակումբներ, ջազ-սրճարաններ, և որ առավել կարևոր է, ջազմենները ստացան ազատ տեղաշարժվելու և միջազգային կապեր հաստատելու հնարավորություն: Նոր պայմաններում ջազը վերածվեց կանոնավոր վճարվող գործունեության, ինչը երաժիշտների առջև դրեց նոր մասնագիտական պահանջներ և հանգեցրեց այս ժանրի բուռն զարգացմանը:  

75 տարվա ընթացքում մեր ազգային երաժշտական մշակույթը կուտակել է  բարձր գեղարվեստական արժեք ունեցող և ջազի տարրեր պարունակող զգալի թվով ջազային ու էստրադային ստեղծագործություններ: Հայ երաժիշտների կողմից արված բազմաթիվ ձայնագրությունների թվում կարելի է հանդիպել ջազային ոճի ամենատարբեր դրսևորումներ, այդ թվում. 

  • ջազային դասական երաժշտության` «մաքուր» ջազի   կատարումներ միջազգային ճանաչում ունեցող երգացանկից
  • սեփական ստեղծագործությունների կատարումներ, որոնցում կարող է արտահայտվել հեղինակի ազգային երաժշտական պատկանելիությունը
  • սեփական ստեղծագործությունների կատարումներ կամ հանրաճանաչ հայկական մեղեդիների մշակումներ, որոնցում գերակայում են ազգային երաժշտական ավանդույթների տարրերը, և ջազային գործիքների հետ միաժամանակ օգտագործվում են հայկական ժողովրդական գործիքներ: 

Այս անթոլոգիան, պայմանավորված  ժամանակի պահանջով, հնարավորինս  ամբողջական է ներկայացնում Հայաստանի երաժիշտների ջազային կատարումների վերոհիշյալ դրսևորումները: 

Անթոլոգիայում տեղ է գտել 109 ստեղծագործություն, որոնք բաժանված են երեք խմբի.

  1. հեղինակներ (հայ հեղինակների ստեղծագործությունների ընտրանի)
  2. կատարողներ
  3. նվագախմբեր և խմբեր

Հիմնականում ներկայացված են համերգային կատարումների ձայնագրություններ, բայց կան նաև ստուդիաներում արված ձայնագրություններ: 

Բացառության կարգով ներառված են մեր հայրենակիցների` խորհրդային շրջանի,  (Ռուսաստանի) ականավոր ներկայացուցիչների կատարումները:    

Իրենց բարձր վարպետությամբ առանձնանում են հայկական ծագում ունեցող բազմաթիվ ջազմեններ, ովքեր ստեղծագործել և ստեղծագործում են Հայաստանի սահմաններից դուրս: Այդ իսկ պատճառով, հետագայում «Հայերն արտասահմանյան ջազի աշխարհում» անթոլոգիայի ստեղծումը ավելի քան արդիական կլինի: 

Անթոլոգիայի հեղինակները չեն բացառում, որ այստեղ կարող են լինել և բացթողումներ: Հնարաոր է, այստեղ ներկայացված են ոչ բոլոր  արժանի երաժիշտների կատարումները, վերջիններիս ձայնագրությունների բացակայության կամ կորստի պատճառով:

Անկախ այս ամենից, տվյալ անթոլոգիան ունի մի շարք անվիճելի առավելություններ: Այն երաժշտասերներին ներկայացնում է Հայաստանում ջազային երաժշտության անցած ճանապարհը 75 տարիների ընթացքում: Այն ներկայացնում է ջազի տարբեր ոճերի կատարումների հիանալի նմուշներ` այդ թվում` մեյնստրիմ ջազ, լատինո ջազ, ֆանք ջազ, ֆյուժն, էթնո ջազ:

Այս անթոլոգիան վկայում է այն մասին, որ ջազային երաժշտությունը հանդիսանում է Հայաստանի ազգային երաժշտական մշակույթի անբաժան մասը, ինչը հպարտության է արժանի:

Սիրելի երաժշտասերներ, թող որ ճամփորդությունը դեպի հայկական  ջազի վառ եւ գունառատ աշխարհ Ձեզ պարգևի բազում հաճելի պահեր: 

 

Արմեն Թութունջյան

Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու